Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը` Ամման
Տարածքը՝ 89,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 5,8 մլն
Պետական լեզուն՝ արաբերեն
Դրամական միավորը՝ հորդանանյան դինար
Երկրի մասին
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Հորդանանը (մինչև 1950 թ.՝ Անդրհորդանան) Առաջավոր Ասիայի երկրներից է: Նրա սահմանները գրեթե ցամաքային են` բացառությամբ հարավ-արևմուտքում ծովափնյա մի նեղ շերտի, որը ողողում են Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ջրերը: Հորդանանի տարածքի նշանակալի մասն զբաղեցնում է ավազոտ կամ քարքարոտ անապատը:
Կլիման մերձարևադարձային, չորային է, արևմտյան մասում՝ միջերկրածովյան: Բուսականությունն աղքատ է. գերակշռում են խոտաբույսերն ու գետնատարած մացառուտները:
Երկրի հյուսիսում օձագալար հոսում է Հորդանան գետը (որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը Հովհաննես Մկրտչի ձեռամբ), որը թափվում է Մեռյալ ծովը: Անձրևների շրջանում անապատում գոյանում են գետակներ, որոնք օգտագործվում են ոռոգման համար: Իսկ այնտեղ, որտեղ ջուր կա, ստեղծվում են բնակավայրեր, ծաղկում, կանաչին են տալիս այգիներն ու դաշտերը:
Բայց ամեն ջուր չէ, որ կենարար է: Այդպիսին է, օրինակ, Մեռյալ ծովը (Համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր ընկած լիճ), որի ջրերում աղի պարունակությունը 7,5 անգամ ավելի է, քան սովորաբար լինում է ծովերում:
Առաջավոր Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթությունների օրրան է: Պատմական հուշարձաններով հարուստ է նաև Մեռյալ ծովի շրջանը, որտեղ 1947թ-ից սկսած` քարանձավներում հայտնաբերվել են Քումրանյան գալարաձեռագրերը, որոնք լույս են սփռում քրիստոնեության ծագման վրա:
XVI դարից մինչև 1918 թ. Հորդանանի տարածքը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգայի մանդատով այն հանձնվեց Անգլիային, որը 1921 թ-ին այնտեղ կազմավորեց Անդրհորդանանի էմիրությունը կամ իշխանապետությունը: Հորդանանի ժողովուրդը, որի 95 %-ը արաբներ են, քանիցս ապստամբել է հանուն ազատության ու անկախության: Եվ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թ-ին, երկիրն անկախություն ստացավ: 1948–49 թթ-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Հորդանանը գրավվեց: Պաղեստին պետության համար նախատեսված տարածքի մի մասը՝ Հորդանան գետից արևմուտք, 1967 թ-ին` արաբա-իսրայելական պատերազմից հետո, անցավ Իսրայելին:
Երկրի բնակչության գրեթե կեսը պաղեստինցի արաբներ են: Խոշոր քաղաքներն են Ամմանը, Էզ Զարկան, Իրբիդը:
Հորդանանը գյուղատնտեսական երկիր է, սակայն նրա տարածքի միայն 16 %-ն է նպաստավոր գյուղատնտեսական աշխատանքների համար: Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, թուզ, ադամաթուզ, բանջարեղեն, օազիսներում, ջրարբի հողերում՝ նաև ձիթենի:
Գյուղացիները (ֆելլահներ) ապրում են կավածեփ կամ քարե տներում:
Հորդանանի արևելյան մասը հիշեցնում է մի անծայրածիր ավազե ծով: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել քոչվոր անասնապահների (բեդվիններ) թափառախմբերի, որոնք իրենց անասուններին կերակրելու համար օազիսից օազիս են տեղափոխվում:
Արդյունաբերությունը Հորդանանում թույլ է զարգացած: Նրա հիմնական ճյուղերն են ֆոսֆատների արդյունահանությունն ու ցեմենտի արտադրությունը: Համեմատաբար զարգացած է սննդի արդյունաբերությունը. կան ալրաղացներ, ձիթապտղի յուղի և մրգեղենի ու բանջարեղենի պահածոների գործարաններ: Արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է մայրաքաղաք Ամմանում, որտեղ բազմահարկ շենքերի և լայնահուն փողոցների հարևանությամբ դեռևս կարելի է հանդիպել խղճուկ հյուղակների: