Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ, Հայ առաքելական եկեղեցի, Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից, հայ ժողովրդի ազգային եկեղեցին: Կենտրոնը` ՀՀ Վաղարշապատ քաղաքի Ս. Էջմիածնի վանք (Մայր աթոռ Ս. Էջմիածին): Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի գլուխը, եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը կաթողիկոսն է (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս Ամենայն հայոց): Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է:

Հայ եկեղեցին առաքելական է կոչվում, որովհետև այն հիմնադրել են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը, որոնք Հայաստանում առաջինն են քարոզել քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել (Ք. ծ. հ. I դ.): Նրանք կոչվում են «Առաջին Լուսաւորիչք Հայաստանեայց»: Այդ ժամանակ է քրիստոնեությունը Ասորիքից ու Կապադովկիայից մուտք գործել Հայաստան և սկզբնապես տարածվել Մեծ Հայքի թագավորության հարավային ու արևմտյան երկրամասերում ու գավառներում: Քրիստոնեության քարոզչությունը ժողովրդի ամենատարբեր խավերի, այդ թվում` արքունական ընտանիքի անդամների շրջանում, առաջին նորադարձ քրիստոնյաների (Ոսկյանք, Սուքիասյանք, Սանդուխտ արքայադուստր ևն) նահատակությունները, քրիստոնեական համայնքների հիմնումը, մատուռների և եկեղեցիների, վկայարանների (ինչպես Հռիփսիմյանց կույսերի և Գայանյանց կույսերի նահատակման վայրերում) կառուցումը նպաստավոր պայմաններ են ստեղծել Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորչի համար` երկրում քրիստոնեության արմատավորման, հեթանոսության դեմ պայքարի, առաջին թեմերի հիմնման և Հայ եկեղեցու կազմակերպման գործում:

301-ին, Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն: Այդ թվականը համարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվ: Հայաստանում քրիստոնեության տարածումը և որպես պետական կրոն ընդունելը երկիրը քաղաքակրթության նոր մակարդակի է հասցրել. նախ` բարեփոխիչ նշանակություն է ունեցել ժողովրդի կյանքում ու կենցաղում, ապա պայմանավորել պետության արտաքին քաղաքական հարաբերությունները, ազգային մշակույթի կողմնորոշումը, հայի անհատական և ազգային աշխարհընկալումն ու աշխարհայացքը:

 

Մինչև 368-ը Հայոց կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում: Պապ թագավորի հատուկ կարգադրությամբ Հայոց կաթողիկոսները սկսել են ձեռնադրվել Հայաստանում: 303-ին Վաղարշապատ մայրաքաղաքում կառուցվել է Էջմիածնի Մայր տաճարը: Այն դարձել է Հայոց կաթողիկոսների գահանիստը, որը, սակայն, պատմական պայմանների բերումով բազմիցս տեղափոխվել է: 325-ին Նիկիայի Ա տիեզերական ժողովին մասնակցել է Գրիգոր Ա Լուսավորչի որդի Արիստակեսը, որը հոր մահից հետո դարձել է կաթողիկոս: Նա իր հետ Հայաստան է բերել և Գրիգոր Ա Լուսավորչին ներկայացրել ժողովի ընդունած դավանական բանաձևը` Նիկիական Հավատո հանգանակը և 20 կանոնները: Հայ եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը հիմնված են Սուրբ Գրքի, սրբազան ավանդության, Նիկիայի (325), Կ.Պոլսի (381), Եփեսոսի (431) տիեզերական ժողովների, Հայ եկեղեցու ժողովների ու վարդապետների, եկեղեցու հայրերի հաստատած կանոնների և ուսուցումների վրա:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին բարենորոգիչը Ներսես Ա Մեծ կաթողիկոսն էր: 356-ին նրա նախաձեռնությամբ գումարվել է Աշտիշատի ժողովը, որտեղ ընդունվել են կազմակերպչական, բարեսիրական աշխատանքներին, ինչպես նաև դավանական և ծիսական հարցերին վերաբերող որոշումներ: Ներսես Ա Մեծը պայքար է ծավալել պարսկական ազդեցության տարածման դեմ, ոչնչացրել զրադաշտական ատրուշաններն ու մոգության դպրոցները, արգելել պարսկերենի ուսուցումը, պայքարել հեթանոսական սովորությունների դեմ, ձեռնամուխ եղել Հայաստանում քրիստոնեության ամրապնդման գործին: Բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և այլ հաստատություններ, վերակառուցել մի շարք վանքեր ու եկեղեցիներ, կարգավորել Հայ եկեղեցու ժամասացությունը, եկեղեցական տոները:

 

Գրիգոր Ա Լուսավորչից հետո շուրջ մեկ դար քրիստոնեական պաշտամունքը, ինչպես նաև ուսուցումը Հայաստանի դպրոցներում կատարվել է հունական և ասորական լեզուներով, որոնք անհասկանալի էին ժողովրդին և չէին նպաստում քրիստոնեության արմատավորմանը, ինքնուրույն քրիստոնեական պաշտամունքի, ծիսակարգի, գրավոր մշակույթի ձևավորմանը: IV դ. վերջին, երբ հայ ժողովրդին սպառնում էր պետականության կորուստ և ուծացում, ասպարեզ են եկել Հայոց պատմության, եկեղեցու, մշակույթի երկու խոշոր գործիչներ` Մեսրոպ Մաշտոց վարդապետը և Սահակ Ա Պարթև Հայոց կաթողիկոսը: Սահակ Ա Պարթևի հետ համագործակցությամբ ու նախաձեռնությամբ, Հայոց Վռամշապուհ թագավորի հովանավորությամբ ու աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը 405-ին ստեղծել է հայերեն այբուբենը: Հայոց գրերի գյուտը դարակազմիկ իրադարձություն էր և բախտորոշ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար` իր ինքնության ու մշակույթի պահպանման, ազգային կրթության ու լուսավորության վերելքի գործում: Գրերի գյուտը և դրան հաջորդած հայագիր ու հայալեզու դպրոցի հիմնումը, Աստվածաշնչի թարգմանությունը, ծիսական գրականության հայացումը, ազգային դպրության, գրականության, մշակույթի զարգացումը մեծապես նպաստել են ոչ միայն քրիստոնեության համընդհանուր տարածմանը Հայաստանում, այլև` քրիստոնեության հայացմանը, Հայ եկեղեցու ինքնության պահպանմանը:

 

Գրերի գյուտին անմիջապես հետևել է հայ միջնադարյան գրականության և մշակույթի ոսկեդարը: Ստեղծվել են աստվածաբանական, մեկնողական, ջատագովական, հակաճառական, վարքաբանական, պատմագիտական բազմաթիվ երկեր:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կենտրոնական դեր է խաղացել V դ. Վարդանանց և Վահանանց ազատագրական պատերազմներում: Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները միշտ գտնվել են պարսից տիրապետության դեմ մարտնչող զինվորների ու ժողովրդի կողքին, ոգեշնչել նրանց, մասնակցել ու նահատակվել «հանուն հայրենյաց և հավատքի» մղված «Հայոց պատերազմներում»:

 

Հայ եկեղեցին հայ ժողովրդի և իր ինքնության պահպանման կարևորագույն գործոն է համարել ոչ միայն սեփական գրերի ստեղծումը, ազգային դպրության, լեզվի, մշակույթի զարգացումը, հանուն քրիստոնեական հավատի այլակրոն Պարսկաստանի դեմ մղած պատերազմները, այլև` դավանական, ծիսապաշտամունքային և եկեղեցական ինքնուրույնության պաշտպանությունը քրիստոնյա Բյուզանդիայի համաձուլարար քաղաքականությունից:

 

451-ի Քաղկեդոնի ժողովից հետո Բյուզանդիան եկեղեցական և դավանական խնդիրները փորձել է ծառայեցնել Արևելքի քրիստոնյա ժողովուրդների վրա իր քաղաքական ազդեցության ուժեղացման, նրանց թե եկեղեցադավանական, թե ազգային-մշակութային ինքնուրույնությունից զրկելու համար: Քաղկեդոնի ժողովի ընդունած «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» դավանական բանաձևը բյուզանդական և Արևելյան եկեղեցիների միջև սկիզբ է դրել դավանական վեճերի, պատճառ դարձել Ընդհանրական եկեղեցու պառակտման: Հայ եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովը, քանի որ այն հակասում էր ինչպես հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման շահերին, այնպես էլ աստվածաբանական սեփական ըմբռնումներին և եկեղեցու անկախության պահպանման ձգտումներին:

 

Քրիստոսի բնությունների հարցում Հայ եկեղեցին ընդունում է «Մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ» Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի բանաձևը: Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի հրավիրած 506-ի Դվինի Ա ժողովում, Հայ եկեղեցին, առաջնորդվելով բյուզանդական Զենոն կայսրի «Հենոտիկոնի» (Միության գիր) ոգով, տիեզերական է հռչակել միայն երեք ժողովներ (Նիկիայի 325-ի, Կ. Պոլսի 381-ի և Եփեսոսի 431-ի ժողովները), իսկ Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի 554-ի Բ ժողովում բացեիբաց նզովել է Քաղկեդոնը և խզել հաղորդակցությունը կայսերական եկեղեցուց: Պապ թագավորի ժամանակ ձեռք բերած վարչական անկախությունից հետո, VI դ. պատմական հանգամանքների բերումով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դավանապես ևս զատվել է բյուզանդական եկեղեցուց` բռնելով ինքնուրույն զարգացման ուղին: Այն վերջնականապես ամբողջացել է VIII դ.` Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի օրոք, երբ Դվինի 720-ի ժողովում որոշակիացվել և կանոնակարգվել են Հայ եկեղեցու ծիսապաշտամունքային կարգը, ժամերգությունները, տոները, ընդունվել «Կանոնագիրք Հայոց»-ը` որպես հայ եկեղեցաիրավական նորմերը կանոնավորող ժողովածու:

 

Բյուզանդիան չի կարողացել իրեն ենթարկել Հայ եկեղեցին, բայց հաջողության է հասել Վրաստանում. Վրաց Կյուրիոն կաթողիկոսն ընդունել է քաղկեդոնականություն, և 608-ին Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց: Վրաց եկեղեցին մինչ այդ անբաժան էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուց և ճանաչել է նրա գահերեցությունը: «Ի հոգևորս» Հայ եկեղեցու գերակայությունն ընդունել է նաև Աղվանից կաթողիկոսությունը (հետագայում կոչվել է Գանձասարի կաթողիկոսություն) և համարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը:

 

XIX դ. սկզբին ռուսական կառավարության որոշմամբ վերածվել է մետրոպոլիտության, իսկ նրա թեմերն անցել են Ս. Էջմիածնի ենթակայության ներքո: VII դ., բյուզանդական Հերակլ կայսրի (610–641) ժամանակ միակամության վարդապետության շուրջ բյուզանդական և Հայ եկեղեցիների միավորման փորձ է կատարվել: 633-ին Կարինի ժողովում կայսրը և Հայոց կաթողիկոս Եզր Ա Փառաժնակերտցին համաձայնության են եկել եկեղեցական միավորման շուրջ: Նման մի քայլ է կատարվել նաև 654-ին, երբ Կոստանդ II կայսրը և Հայոց Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը միասին հաղորդություն են ստացել Դվինի Ս. Գրիգոր Մայր տաճարում: Սակայն այդ դեպքերը հիմնարար բնույթ չեն ստացել, այլ պայմանավորված լինելով քաղաքական պատեհությամբ, անմիջապես կորցրել են իրենց ուժն իրավիճակի փոփոխմանը զուգընթաց: Իսկ քաղաքական իրավիճակն արմատապես փոխվել է, երբ պատմական ասպարեզ են իջել իսլամի դրոշի տակ համախմբված արաբները, որոնք կարճ ժամանակ անց զավթել են Հայաստանը:

 

VII դ. 40-ական թթ-ից Հայաստանը դարձել է արաբա-բյուզանդական պայքարի թատերաբեմ: Շուրջ երկու տասնամյակ տևած պատերազմական խառնակ շրջանին հաջորդել է համեմատաբար կայուն վիճակ Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառավարման տարիներին (661–684) և պահպանվել մինչև դարավերջ: Այս շրջանում Հայաստանը թեև անվանապես համարվել է Արաբական խալիֆայությանը ենթակա, սակայն ներքին կյանքն ամբողջովին Հայոց իշխանի ձեռքում էր: VII դարը դարձել է մշակութային առաջընթացի ժամանակահատվածներից մեկը, հայ ճարտարապետության ոսկեդարը: Այդ ժամանակ են կառուցվել Ս. Հռիփսիմե տաճարը, Ս. Գայանե եկեղեցին Վաղարշապատում, Զվարթնոցը, եկեղեցիներ Դվինում, Խոր վիրապում, Տայքում և այլուր: Բացվել են դպրոցներ, որոնց մեջ եզակի տեղ ուներ Անանիա Շիրակացու դպրոցը:

 

Արաբական տիրապետության շրջանում և հետագա դարերում (մինչև XI–XII դդ.) Հայաստանի մի շարք գավառներում մեծ տարածում են ստացել աղանդավորական շարժումները (պավլիկյաններ, թոնդրակեցիներ), որոնց դեմ անողոք պայքար է մղել Հայ եկեղեցին: Հայ ժողովուրդը Բագրատունիների գլխավորությամբ թոթափել է երկու դարից ավելի տևած արաբական լուծը և վերականգնել պետական անկախությունը: 885-ին Բագարանում Աշոտ Ա Բագրատունին թագադրվել և հռչակվել է Հայոց թագավոր: Արաբական խալիֆայության թուլացմանը զուգահեռ զորացող Բյուզանդիան կրկին հանդես է եկել դավանական զիջումների պահանջով: Կ. Պոլսի Փոտ պատրիարքի` երկու եկեղեցիների միավորման և հայ-հունական դավանական միություն ստեղծելու պահանջը քննարկելու համար 862-ին հրավիրվել է Շիրակավանի ժողովը, որը, սակայն, մերժել է կայսրի և պատրիարքի առաջարկը:

 

Անին Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք հռչակվելուց (961) հետո այստեղ է հաստատվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստը (992–1065): Այս շրջանում Հայ եկեղեցին բարգավաճել է. հիմնվել են դպրոցներ, մատենադարաններ, վանքերին կից բացվել գրչության ու մանրանկարչության կենտրոններ, կառուցվել թագավորաշեն և իշխանաշեն բազմաթիվ եկեղեցիներ, որոնցով հռչակված էր հատկապես մայրաքաղաք Անին:

 

Բագրատունյաց թագավորության անկումից (1045) հետո Հայաստանն ընկել է սելջուկների տիրապետության տակ, սկսվել է երկրի քաղաքական մասնատումը, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին զրկվել է իր մշտական աթոռանիստ վայրից: Հայոց կաթողիկոսները, Բյուզանդիայից հալածված և սելջուկների ասպատակություններին ենթակա, շրջել են երկրով մեկ, հաճախ ապաստանել Կիլիկիայում: Նման պայմաններում տեղի են ունեցել, մի կողմից կաթողիկոսարանի տեղափոխություններ, մյուս կողմից` հակաթոռ կաթողիկոսների ձեռնադրություններ: Երկրի տարբեր կողմերում (Մարաշ, Աղթամար) ի հայտ են եկել հակաթոռ կաթողիկոսություններ: Աղթամարի կաթողիկոսությունը Հայոց ամենաերկարակյաց հակաթոռ կաթողիկոսական աթոռն էր, որը գործել է 1113–1895-ին:

 

XI դ. վերջից, հայ քաղաքական կյանքի կենտրոնը Կիլիկիա տեղափոխվելուն զուգընթաց, հայ եկեղեցական կյանքը բուն Հայաստանից բացի զարգացել է նաև Կիլիկիայում: Հայաստանի և Կիլիկիայի քաղաքական տարբեր իրավիճակների և պատմական զարգացման տարբեր հանգամանքներով են պայմանավորվել հայաստանաբնակ հոգևորականների` Հաղպատի, Սանահինի, Խորանաշատի հոգևոր կենտրոններում համախմբված արևելյան վարդապետների և Կիլիկիայի հայ հոգևորականների միջև ծագած հակասությունները եկեղեցադավանական, ծիսապաշտամունքային հարցերում: Երբ XII դ. կեսից բյուզանդական կողմից կրկին դավանական միության առաջարկներ են հնչել (ավելի ուշ եկեղեցական միության առաջարկներ են եղել Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից), Կիլիկիայում գտնվող հոգևորականները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, հակված են եղել ընդունելու Արևմուտքի առաջարկները, մինչդեռ արևելյան վարդապետները ցուցաբերել են անզիջում դիրքորոշում:

 

Կիլիկիայում գտնվող կաթողիկոսական աթոռը, հետագայում ևս շարունակել է քայլեր ձեռնարկել եկեղեցիների միավորման ուղղությամբ` այս անգամ կապեր հաստատելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ: Այդ շրջանի Հայոց կաթողիկոսներից ոմանք փոքր-ինչ նահանջել են Հայ եկեղեցու ծիսադավանական դիրքերից` հուսալով այդպիսով շահել Բյուզանդիայի կամ կաթոլիկ Եվրոպայի քաղաքական համակրանքն ու աջակցությունը: Օգտվելով դրանից, Կաթոլիկ եկեղեցին փորձել է իր ազդեցության տակ գցել Հայ եկեղեցին: Սակայն այդ դժվարին պայքարում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կարողացել է անաղարտ պահել իր դավանությունը, պահպանել եկեղեցական անկախությունը և նպաստել մշակույթի, արվեստների, գիտության զարգացմանը XII–XIV դդ.` թե Կիլիկիայի Հայկական թագավորությունում, թե բուն Հայաստանում:

 

Այդ շրջանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի ապրել է նոր վերելք: Կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, վանքերին կից բացվել են դպրոցներ, վարդապետարաններ, համալսարաններ (Գլաձորում, Տաթևում, Հերմոնում, Որոտնավանքում, Հաղպատում, Սանահինում, Հռոմկլայում, Սսում և այլուր): Ընդօրինակվել են ձեռագրեր, ստեղծվել գրականության և արվեստի արժեքավոր գործեր, գրվել պատմական, փիլիսոփայական, աստվածաբանական, բնագիտական, իրավագիտական բնույթի բազմաթիվ երկեր:

 

Կիլիկիայում հայկական պետականության առկայության պայմաններում Հայոց կաթողիկոսությունը կարողացել է կատարել հոգևոր-եկեղեցական բարձրագույն իշխանության իր դերը: Սակայն Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո Սսի Հայոց կաթողիկոսությունը կորցրել էր քաղաքական հենարանը, իսկ Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների դեմ մղած երկարատև պայքարի և Կիլիկիայում հայ բնակչության հետզհետե նոսրացման պատճառներով` քայքայվել տնտեսապես: Ծանր էր վիճակը նաև հոգևոր-մշակութային կյանքում:

 

Քաղաքական ու տնտեսական աննպաստ պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին անզոր էր մշտական կապեր հաստատել հայկական գաղթավայրերի հետ, ստեղծել ուսումնական կենտրոններ և ազգային ավանդույթներով շաղկապել հայրենիքից տարասփյուռ զանգվածներին: Մեկուսանալով Կիլիկիայում` Մայր աթոռը կտրվել էր բնաշխարհի ժողովրդից, կորցրել նրա համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը: Այդ հանգամանքները նկատի ունենալով` հայ կրոնա-եկեղեցական, մշակույթի, հաս-քաղաքական գործիչները դեռևս XIII դ. վերջից ցանկացել են Հայոց կաթողիկոսությունը տեղափոխել քաղաքականապես ու տնտեսապես ապահով վայր: Սակայն որոշակի քայլեր ձեռնարկվել են միայն XV դ. 1-ին կեսին, երբ կարակոյունլու Ջհանշահի տիրապետության օրոք (1437–67) համեմատաբար խաղաղություն է տիրել երկրի կենտրոնում` Այրարատում:

 

Հայ աշխարհիկ գործիչներն ու հոգևորականները միջոցներ են ձեռնարկել Մայր աթոռը վերահաստատելու իր նախնական վայրում` Վաղարշապատում: Հովհաննես Հերմոնեցու և Թովմա Մեծոփեցու ջանքերով 1441-ին գումարված Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովը Ամենայն հայոց կաթողիկոսությունը վերահաստատել է Վաղարշապատում: Դա պատմաքաղաքական կարևոր ու շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի ազգային և եկեղեցական կյանքում: Վաղարշապատը կրկին դարձել է համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնը, որպիսին մնում է առ այսօր:

 

Հայրենիքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կարողացել է դիմակայել բոլոր փորձություններին, իսկ Մայր աթոռ Ս. Էջմիածինը դարձել է պետականությունից զրկված, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի ոչ միայն հոգևոր, այլև` ազգային-քաղաքական կենտրոնը: Էջմիածնի 1441-ի ժողովը կաթողիկոս է ընտրել Կիրակոս վրդ. Վիրապեցուն, որը դարձել է Ս. Էջմիածնում վերահաստատված աթոռի առաջին գահակալը: Նորընծա կաթողիկոսի առաջին գործերից է եղել սուրբ Մյուռոնի օրհնությունն ու բաժանումը Հայաստանի եկեղեցիներին: Նա հատուկ կոնդակով չեղյալ է համարել նախընթաց տասնամյակներին Հայ եկեղեցու տարբեր հատվածների` միմյանց հասցեին արված նզովքները, սիրո ու միաբանության կոչ ուղղել բոլոր թեմերին ու եկեղեցիներին: Կիրակոս Ա Վիրապեցին նորոգել է Էջմիածնի Մայր տաճարը, բարեկարգել վանական համալիրը, իսկ րաբունապետ ու մատենագիր Թովմա Մեծոփեցին վերաբացել է հայատառ առաջին դպրոցը:

 

1446-ին Կարապետ եպս. Եվդոկացին կաթողիկոս օծվելով` հիմնել է Սսի կաթողիկոսությունը: XV–XVI դդ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին չափազանց ծանր ժամանակաշրջան է ապրել, ինչը, փոքր բացառություններով, շարունակվել է մինչև XVII դ.` Մովսես Գ Տաթևացու գահակալությունը: Նրա և ապա հաջորդ կաթողիկոսների` Փիլիպոս Ա Աղբակեցու, Հակոբ Դ Ջուղայեցու ջանքերով վերականգնվել է Մայր աթոռի նյութական վիճակը, վանական-միաբանական կյանքը, հիմք ստեղծվել ազգային-եկեղեցական, մշակութային ու կրթական արդյունավետ գործունեության համար: Կարգավորվել են հարաբերությունները պարսկական արքունիքի, ինչպես նաև Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կ. Պոլսի հայոց պատրիարքությունների հետ, հարթվել նրանց միջև եղած տարաձայնությունները: Հիմնվել են մի շարք դպրոցներ Սյունիքում, Վաղարշապատում, Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում, Բաղեշի Ամրդոլու վանքում, Նոր Ջուղայում և այլուր:

 

XVII–XVIII դդ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին եռանդուն մասնակցել է պարսկական տիրապետությունից Հայաստանն ազատագրելու ծրագրերին, կազմակերպել, ղեկավարել ու հովանավորել է ազգային-հասարակական, քաղաքական բազմաթիվ ձեռնարկումներ: Սիմեոն Ա Երևանցին կարգավորել է եկեղեցական հասույթները օրինական կալվածագրերով, Վաղարշապատում հիմնել տպարան և թղթի գործարան, հոգ տարել ուսումնական, մշակութային գործերի մասին, կարգավորել Հայ եկեղեցու տոները:

 

1828-ին Արլ. Հայաստանին տիրացած Ռուսաստանն իր քաղաքական ծրագրերում մեծ կարևորություն է տվել եկեղեցական խնդրին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Ցարական իշխանությունը փորձել է փոքրացնել Հայ եկեղեցու ավանդական իրավասությունների շրջանակը և քաղաքական դերը երկրի ներսում, նաև օգտագործել Հայոց կաթողիկոսության հեղինակությունը` Ռուսաստանի տարածքից դուրս բնակվող հայության վրա իր ազդեցությունը տարածելու համար:

 

Ռուսական կառավարությունը 1836-ին հատուկ կանոնադրությամբ` «Պոլոժենիե»-ով կանոնակարգել է կայսրության և Հայ եկեղեցու հարաբերությունները, միաժամանակ հնարավորություն ստացել ազդելու Մայր աթոռի վրա: «Պոլոժենիե»-ն ուժը կորցրել է 1917-ին` ցարիզմի անկումից հետո: Արևմտահայերի, Կ. Պոլսի հայոց պատրիարքության և Թուրքիայում հայ եկեղեցական ներքին կյանքին վերաբերող կանոնադրություն էր 1860-ի Ազգային սահմանադրությունը, որը դադարել է գործել 1915-ից: Ազգային սահմանադրության որոշ դրույթներ այժմ էլ գործածվում են կանոնակարգելու Կ. Պոլսի հայոց պատրիարքության հարաբերությունները պետության հետ: Նրա հիման վրա են կազմված Կիլիկիո կաթողիկոսության և նրա թեմերի կանոնադրությունները: Դեռևս 1804–13 և 1826–28-ի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ Ներսես արք. Աշտարակեցին (1843–57-ին` Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի) աջակցել է ռուսական զորքերին, մեծ հույսեր կապել նրանց հաղթանակների հետ:

 

Ռուսաստանի հովանու ներքո հայկական անկախ պետություն ստեղծելու նրա ձգտումը, սակայն, հարուցել է ցարական կառավարության դժգոհությունը, ինչի պատճառով նա հեռացվել է Անդրկովկասից: Կաթողիկոս ընտրվելուց հետո վերադարձել է Ս. Էջմիածին, պաշտպանել Հայ եկեղեցու շահերը ցարական իշխանությունների ոտնձգություններից, զբաղվել հասարակական, շինարարական, կրթա-մշակութային աշխատանքներով: Ներսես Ե Աշտարակեցու գործունեությամբ սկիզբ առած Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր-մշակութային նոր վերելքը շարունակվել է ողջ XIX դ. ընթացքում. Էջմիածնում բացվել է Գևորգյան ճեմարանը (1874), թանգարանը, 1868-ից լույս տեսել Մայր աթոռի պաշտոնական «Արարատ» ամսագիրը, 1879-ին կառուցվել Օշականի եկեղեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ստեղծվել են գիտամշակութային, ուսումնակրթական բազմաթիվ կենտրոններ ու հաստատություններ Հայաստանում և հայ գաղթավայրերում:

 

Հայ եկեղեցին եռանդուն աջակցել է XIX դ. վերջի – XX դ. սկզբի հայ ազգ-ազատագրական շարժումներին, Հայկական հարցի լուծման քաղաքական ձեռնարկումներին: Մկրտիչ եպս. Խրիմյանը (1892–1907-ին` Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցի) իբրև Հայոց ազգային պատվիրակության ղեկավար այցելել է Արմ. Եվրոպա` փորձելով ապահովել եվրոպական պետությունների դիվանագիտական աջակցությունը Հայկական հարցի լուծմանը, մասնակցել է 1878-ի Բեռլինի կոնգրեսին: 1894–96-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ անդուլ աշխատանք է կատարել` նյութապես օգնելու գաղթականներին, պայմաններ ստեղծելու հայրենի երկիր վերադառնալու համար: Եռանդուն պայքար է մղել ցարական կառավարության` 1903-ի հունիսի 12-ի եկեղեցական գույքի բռնագրավման օրենքի իրագործման դեմ` եկեղեցական թեմերին արգելելով ենթարկվել այդ օրենքին: 1912-ից Մայր աթոռ Ս. Էջմիածինը զգալի ջանքեր է գործադրել Հայ դատի խնդիրը բարձրացնելու համար:

 

Եվրոպական պետությունների ուշադրությունը Հայ դատի վրա բևեռելու նպատակով Գևորգ Ե Սուրենյանցը ստեղծել է Ազգային պատվիրակություն` հայտնի հայ հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ: Ազգային պատվիրակության գործունեությունն ամբողջությամբ համաձայնեցվել է Մայր աթոռի հետ: Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների: 1914-ի դեկտ. 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որը զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:

 

Գիտակցելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում` օսմանյան կայսրությունը 1915–1923-ին հայոց ցեղասպանության ժամանակ նպատակամղված կոտորել է հայ հոգևորականներին, ոչնչացրել քրիստոնեական մշակույթը, եկեղեցիներն ու վանքերը, կրթագիտական կենտրոնները, հայկական եկեղեցական հաստատությունները, ձեռագիր մատյանները: Ծրագրելով և կազմակերպելով հայ ժողովրդի ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը ձգտել է մեկուսացնել ժողովրդի շահերը Բ. Դռան առջև ներկայացնող և պաշտպանող ազգային-եկեղեցական կառույցները և նրանց ղեկավարներին: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից թուրքական կառավարության վերաբերմունքը Կ. Պոլսի հայոց պատրիարքության հանդեպ կտրուկ վատացել է: Պատրիարքությունը զրկվել է հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հնարավորությունից:

 

Թուրքական իշխանությունները Կ. Պոլսի հայոց պատրիարք Զավեն արք. Եղիայանին աքսորել են Բաղդադ, ապա` Մոսուլ: Նույն կերպ են վարվել նաև Սսի կաթողիկոսի հետ: Սահակ Բ Խապայանն աքսորվել է Բաբ (Հալեպի մոտ), հետո` Երուսաղեմ: Արմ. Հայաստանի հայությունը մնացել է առանց հովվապետների: Մեծ եղեռնի տարիներին մարտիրոսացել է շուրջ 4 հզ. հայ հոգևորական: Իրենց հոտի հետ նահատակվել են Կարինի հոգևոր առաջնորդ Սմբատ եպս. Սահատեթյանը, Բաղեշի առաջնորդ Սուրեն ծ. վրդ. Գալեմյանը, Խարբերդի առաջնորդ Պսակ ծ. վրդ. Խորենյանը, Բրուսայի առաջնորդ Պարգև ծ. վրդ. Դանիելյանը, Տրապիզոնի առաջնորդ Գևորգ ծ. վրդ. Թուրեյանը, Վանի Կտուց անապատի վանահայրի տեղապահ Եղիազար ծ. վրդ. Պետրոսյանը, Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Վարդան ծ. վրդ. Հակոբյանը և ուրիշներ:

 

Դեռևս 1912–13-ին օսմ. կայսրության ՆԳՆ հանձնարարությամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը կազմել և կառավարությանն է ներկայացրել կայսրության տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի լրիվ ցուցակը: Թուրքական կառավարության այդ հետաքրքրությունն առաջին աշխարհամարտի նախօրյակին որոշակի կապ է ունեցել հայերին կոտորելու ծրագրերի հետ: Ըստ Մ. արք. Օրմանյանի տվյալների, Արմ. Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912-ին 2200 էր: Դրանց մեծ մասը եղեռնի ժամանակ թալանվել, այրվել կամ ավերվել է: Ոչնչացվել են գրչության կենտրոններում, վանքերի վարդապետարաններում, մատենադարաններում, դպրեվանքերում պահվող տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ: Թեև ոչնչացված ձեռագրերի թվի մասին կան որոշ տվյալներ (Վասպուրականում` շուրջ 3000, Տարոնում` շուրջ 2000, Կեսարիայում և շրջակայքում` 700, Անկյուրիայում և շրջակայքում` ավելի քան 300, Արմաշում` շուրջ 250, Սեբաստիայում և շրջակայքում` շուրջ 170 ևն), այնուամենայնիվ դրանց ստույգ թիվն անհայտ է, որովհետև XIX դ. վերջին և XX դ. սկզբին դեռևս չկար հայերեն ձեռագրերի համահավաք ցուցակ: Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայկական ձեռագրեր են պահվել Սսի, Ադանայի, Կ. Պոլսի, Եվդոկիայի, Խիզանի, Տարոնի, Կարինի, Սեբաստիայի, Մալաթիայի, Վասպուրականի և Արմ. Հայաստանի ու օսմանյան կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում, անհատ անձանց մոտ: Ոչնչացված ձեռագիր մատյանների մեջ եղել են Աստվածաշունչներ, Սաղմոսարաններ, Մաշտոցներ, Ճաշոցներ, Ավետարաններ, Ժամագրքեր, Պատարագամատույցներ, Կանոնագրքեր, հայ և օտարազգի հեղինակների աստվածաբանական, վարքագրական, պատմական, ծիսական, փիլիսոփայական, բնագիտական բնույթի երկեր, հայկական մանրանկարչության գլուխգործոցներ:

 

1894–96-ին և 1915–23-ին հայկական վանքերի ու եկեղեցիների, պատմաճարտարապետական հուշարձանների ավերումը, հայկական մեծարժեք ձեռագրերի ոչնչացումը մեծ հարված էր ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, հայ ժողովրդին, հայկական մշակույթին, այլև համաշխաչհային մշակույթին ու գիտությանը և անդառնալի կորուստ մարդկության համար:

 

1918-ի մայիսին Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չի լքել Ս. Էջմիածինը, իսկ Մայրավանքի միաբան Գարեգին եպս. Հովսեփյանը (հետագայում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյան), Զավեն եպս. Մահտեսի Բաբայանը և ուրիշներ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում: Սարդարապատի մարտերին մասնակցել են Դանիել, Թադևոս և Եզնիկ վարդապետները, ինչպես նաև Կոտայքի Թազագյուղի ծխատեր Զաքար քհն. Տեր-Հարությունյանն իր 250-հոգանոց ջոկատով: Իսկ Բաշ Ապարանի հերոսամարտին մասնակցել են Հովհ. քհն. Տեր-Մինասյանի և Տաճատ քահանայի զինված խմբերը: Այդ ժամանակ Ղարաքիլիսայում կուտակված մեծ թվով փախստական հայերի կարիքներն են հոգացել Մ. եպս. Տեր-Մովսիսյանը և Ա. եպս. Սմբատյանը:

 

Գևորգ Ե Սուրենյանցը 1918-ին ողջունել է Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Հայաստանի առաջին հանրապետության կարճատև և դժվարին ժամանակաշրջանում (1918–20) Հայ եկեղեցու իրավական կարգավիճակի ամրագրման և պետության մեջ նրա դերի բարձրացման հարցը դարձել է երկրի ղեկավարության ուշադրության առարկա: Այդ նպատակն է հետապնդել «Հայաստանյայց առաքելական Մայր եկեղեցու և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք դաշնագրի նախագիծը» (12. 2. 1920), որը մնացել է անիրագործելի:

 

1920-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումով չափազանց ծանր պայմաններեն ստեղծվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համար: Համայնավար վարչակարգը, պաշտոնապես հռչակելով անաստվածությունը (աթեիզմ) իր գաղափարախոսության ուղենիշներից մեկը, հալածանք է սկսել եկեղեցու և կրոնի դեմ: Իշխանությունները զանազան միջոցներով հաշվեհարդար են տեսել հոգևորականների հետ (Արսեն վրդ. Ղլտճյան, Դանիել վրդ. Զադոյան, Գրիգոր քհն. Հայրապետյան, Եզնիկ վրդ. Վարդանյան և ուր.):

 

1920-ի դեկտ. 17-ին դպրոցն անջատվել է եկեղեցուց, իսկ դեկտ. 19-ին բռնագրավվել են Էջմիածնի վանքի շենքերը և ունեցվածքի մի մասը` Գևորգյան ճեմարանը (փակվել է 1921-ի հունվ.), մատենադարանը, թանգարանը, տպարանը ևն, քիչ ավելի ուշ` վանքապատկան կալվածքները, Մայր աթոռի բոլոր այգիները Էջմիածնում, Փարաքարում և Օշականում: 1921-ի հունվ. Հայհեղկոմը որոշում է ընդունել Էջմիածնի Մայր տաճարից նրա արժեքներն առգրավելու մասին:

 

1921-ի հուլիսին արգելվել է տպագրել եկեղեցական օրացույց: Եկեղեցին ճնշելու և ահաբեկելու գործին լծված էին «Ազատ եկեղեցու եղբայրություն» կազմակերպությունը (1923–1928)` Բենիկ վրդ. Եղիազարյանի գլխավորությամբ, «Ազատ եկեղեցի» շաբաթաթերթը (խմբ. Մեսրոպ քհն. Մելյան), վարչակարգի հովանու ներքո գործող «Անաստված» միությունը, Շիրակի թեմի առաջնորդ Աշոտ եպս. Շխեյանի գլխավորած խռովարարների խումբը ևն:

 

Այնուամենայնիվ Գևորգ Ե Սուրենյանցը կատարել է որոշ բարեփոխումներ (Նոր տոմարի որդեգրումը 1923-ին, Գերագույն հոգևոր խորհրդի հիմնումը 1924-ին, ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության հաստատումը 1925-ին ևն): Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի գահակալության տարիները (1932–38) ստալինյան հակաեկեղեցական հալածանքների ամենածանր շրջանն էին: Հայաստանում Հայ եկեղեցին ամփոփվել էր միայն Ս. Էջմիածնի վանքի պատերի ներսում: 1920-ական թթ-ից սկիզբ առած վանքերի ու եկեղեցիների ավերումը նոր թափով է սկսվել 1930-ից: Երևանում հիմնահատակ քանդվել են Ս.Պողոս-Պետրոս, Նորքի Սիմեոն Ծերունի, Ս. Աստվածածին, Կաթողիկե եկեղեցիները, 1949-ին` Ս. Գրիգոր Լուսավորիչը ևն:

 

Հայկական եկեղեցիներ և վանքեր են ավերվել Հայաստանի բոլոր շրջաններում, ինչպես նաև Վրաստանում, Ադրբեջանում, Աստրախանում, Հս. Կովկասում և այլուր: Շարունակվել է ահաբեկչությունը հայ հոգևորականության դեմ: Ոչ լրիվ հաշվարկներով Հայաստանում բռնադատվել է շուրջ 200 հոգևորական: Միայն 1937-ի առաջին ամիսներին կալանավորվել է 70-ից ավելի հոգևորական, որոնցից շատերը գնդակահարվել են, մյուս մասն աքսորվել: Բռնադատվածների մեջ էին բազմաթիվ ականավոր հոգևորականներ` Բագրատ արք. Վարդազարյանը, Արիստակես եպս. Զուլոլյանը, Իսահակ եպս. Միքայելյանը, Թադևոս եպս. Հակոբյանը, Սրապիոն եպս. Սամվելյանը, Արտակ եպս. Սմբատյանը, Հովհ. վրդ. Հյուսյանը, Վրթանես եպս. Հակոբյանը, Եղիշե վրդ. Շահումյանը, Տիրայր վրդ. Դալլաքյանը, Հակոբ քհն. Խաչվանքյանը, Խորեն քհն. Շուշանյանը և ուրիշներ:

 

1938-ի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը հատուկ ծառայության գործակալները Վեհարանում սպանել են Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կաթողիկոսական տեղապահ Գևորգ արք. Չորեքչյանի նախաձեռնությամբ հանգանակություններ են կազմակերպվել «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման համար: Վարչակարգի վերաբերմունքը Հայ եկեղեցու նկատմամբ մասամբ փոխվել է: Նրա իրավունքների մասնակի վերականգնումը սկսվել է 1944-ից: Թույլատրվել է կաթողիկոսական ընտրության անցկացումը, «Էջմիածին» ամսագրի հրատարակությունը, տպարանի վերականգնումը, Էջմիածնի հոգևոր ճեմարանի վերաբացումը: Գևորգ Զ Չորեքչյանը, ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս, սկիզբ է դրել Մայր աթոռի վերազարթոնքին, թեև համայնավարների հարուցած գաղափարախոսական խոչընդոտները շարունակվել են և ավելի կամ պակաս չափով գործել ընդհուպ մինչև Խորհրդային Միության փլուզումը:

 

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի երկարատև աթոռակալությունը (1955–94) Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համար եղել է բարգավաճ ժամանակաշրջան: Նրա օրոք անհամեմատ ընդարձակվել են Հայ եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններն ու միջազգային կապերը: 1962-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ, խորացել են հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները, որոնց մեծապես նպաստել են Վազգեն Ա կաթողիկոսի արտասահմանյան թեմեր կատարած շուրջ երեք տասնյակ հովվական այցելությունները:

 

Զուտ եկեղեցական և մշակութային բազմաճյուղ գործունեությունից բացի կաթողիկոսն ուղղակի կամ անուղղակի նպաստել է հայ ժողովրդի ազգային հայրենասիրական վերելքին: Վազգեն Ա կաթողիկոսն օրհնել է Հայոց նորանկախ պետականության ծնունդը (1991-ի սեպտ. 21), առաջինը լինելով, 1994-ին արժանացել է ՀՀ բարձրագույն պարգևին` Հայաստանի ազգային հերոս կոչմանը:

 

1995-ի ապրիլի 3-ին Ս. Էջմիածնում շուրջ 400 պատգամավորների մասնակցությամբ գումարված ազգային-եկեղեցական ժողովը Ս. Գրիգոր Լուսավորչի աթոռի 131-րդ գահակալ է ընտրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ին, այդուհետ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան: Գարեգին Ա Սարգիսյանը նախ վերափոխել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` Հայաստանի թեմական կառուցվածքը, այն համապատասխանեցնելով երկրի նոր վարչական (մարզային) բաժանմանը և ելնելով պատմական նախադրյալներից: Նախկին 4 թեմերի փոխարեն 1996-ի մայիսին ստեղծվել են 8 թեմեր: Դրա շնորհիվ տեղերում զգալիորեն աշխուժացել է եկեղեցական կյանքը, հիմնվել են առաջնորդարաններ, ստեղծվել թեմական խորհուրդներ, մշակվել աշխատանքային ծրագրեր, վերաբացվել տասնյակ նոր եկեղեցիներ: Վերելք է ապրել հոգևոր և կրթամշակութային կյանքը:

 

Մայր աթոռում բացվել է Քրիստոնեական քարոզչության և դաստիարակության կենտրոն, բարելավվել են Էջմիածնի հոգևոր ճեմարանի ուսումնական պայմանները, ուսանողների թիվն անցել է 100-ից (նախկին 40-ի փոխարեն), նորոգվել է Գևորգյան ճեմարանի շենքը և հանձնվել Մայր աթոռի տնօրինությանը: Մայր աթոռի տպարանում հրատարակվել է քարոզչական, կրոնաճանաչողական, հայագիտական, գրական-պատմական շուրջ 100 անուն գիրք, ուսումնական լիարժեք կյանքով են սկսել գործել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանը: Ներկայումս (2001) այդ հոգևոր ուսումնական հաստատությունների սաների թիվը համապատասխանաբար 60 և 45 է: 1995-ի սեպտ. Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հիմնվել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, իսկ 1996-ի ապրիլին` Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը:

 

Մայր աթոռում ծավալված գործունեության կարևոր ուղղություններից է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության նախապատրաստումը: Այդ կապակցությամբ մշակված ընդարձակ ծրագրի կարևորագույն կետերից մեկը Երևանում Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու կառուցումն է, որի հիմնարկեքը, ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի, տեղի է ունեցել 1997-ի ապրիլի 7-ին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանն իր գահակալման սկզբից (1999) ձեռնամուխ է եղել եկեղեցական ներքին կյանքի կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես` Մայր աթոռի հոգևոր կրթարանների վերաաշխուժացմանը, հոգևորականության նոր սերնդի պատրաստմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը:

 

Պետությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն որպես սեփականություն հանձնել է 150-ից ավելի եկեղեցի ու վանք, հողային տարածքներ և շենքեր, նոր եկեղեցիներ են կառուցվում Հայաստանի բոլոր թեմերում: Գարեգին Բ Ներսիսյանի ձեռամբ օծվել են Սպիտակի Ս. Հարություն, Վայքի Ս. Տրդատ, Տաշիրի Ս. Սարգիս, Մալիշկայի Ս. Աննա նորակառույց եկեղեցիներն ու Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը: Վերաօծվել են Դվինի Ս. Հարություն, Սանկտ Պետերբուրգի Ս. Կատարինե, Մուղնու Ս. Գևորգ եկեղեցիները, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը: Մայր աթոռ Ս. Էջմիածնի տարածքում սկսվել է բաց Խորանի շինարարությունը: Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ 2001-ի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու օծումը: Վատիկան կատարած այցելության առիթով (2000, նոյեմբ. 11) Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին է հանձնվել Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մի մաս, որը պահվում է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում:

 

Հայ եկեղեցին նոր թափ է հաղորդել նաև ընկերային, մարդասիրական, բարեգործական ծառայությանը: Գարեգին Բ Ներսիսյանը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների սկիզբ է ազդարարել 2000-ի դեկտ. 31-ի տարեմուտի գիշերը, Մայր աթոռ Ս. Էջմիածնում` «Լուսավորչի կանթեղը` ուղեցույց առ Աստված» նշանաբանով Գրիգոր Ա Լուսավորչի կանթեղի լույսից տարածված մոմավառությամբ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ունի հետևյալ վարչական կառուցվածքը. Ընդհանրական կաթողիկոսություն Ամենայն հայոց (Ս. Էջմիածին), Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան), Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն, Թեմական առաջնորդություններ, Վանական միաբանություններ, Համայնքային (ծխական) հովվություններ: Հայ եկեղեցին ներկայացուցիչներ ունի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենտրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր և վարչական իշխանության մարմիններն են. Ազգային-եկեղեցական ժողով, Գերագույն օրենսդիր մարմինն է` նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի: Եպիսկոպոսաց ժողով, կանոնադիր մարմինն է` նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի: Գերագույն հոգևոր խորհուրդ, բարձրագույն գործադիր իշխանությունն է` նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի: Թեմական պատգամավորական ժողով, թեմի բարձրագույն օրենսդիր մարմինն է` նախագահությամբ թեմակալ առաջնորդի: Թեմական խորհուրդ, թեմի բարձրագույն գործադիր իշխանությունն է` նախագահությամբ թեմակալ առաջնորդի: Ծխական ժողով, համայնքի կամ ծխի անդամական ընդհանուր ժողովն է` նախագահությ ամբ հոգևոր հովվի: Ծխական խորհուրդ, համայնքի կամ ծխի գործադիր վարչական մարմինն է` նախագահությամբ հոգևոր հովվի: