Զվարթնոցի կամ Վաղարշապատի Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ: Կառուցել է Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսը 641–661թթ: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է:
Գանձասարը վանական համալիր է Արցախում, Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Գանձասարի Սուրբ Յովհաննու Մկրտիչ մայր տաճարը կառուցվել է 1216-1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից: Գանձասարը 1400-1816թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր: Դարեր շարունակ այն եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական կենտրոնը։ Սբ. Հովհաննես Մկրտչի պատերին պահպանվել են աստվածաշնչային կերպարների, ինչպես նաև իշխանական տան անդամների խորաքանդակներ: Ընդհանուր առմամբ վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություններ։ Եկեղեցու գավիթը Խաչենի իշխանների տոհմական դամբարանն է։
«Հայոց այբուբեն» հուշատառերը գտնվում են Օշականում, Արագած լեռան արևելյան լանջին: Հուշատառերը տեղադրվել են հայ ճարտարապետ Ջ. Թորոսյանի նախագծով 1962թ. և իրենցից ներկայացնում են հայոց այբուբենի 39 զարդապատկերներով քանդակված տառերը:
Ամբերդ միջնադարյան բերդաքաղաքն ու ամրոցը գտնվում են Արագած լեռան բարձունքներում: Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտնի գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս` 2300մ բարձրության վրա։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք` XIVդ. վերջերին։ Պահպանվել են Ամբերդի դղյակի և բերդապարիսպների ավերակները, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։
Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026թ։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։