Հայաստանի դրոշ
Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։
Զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը
Ազգային օրհներգը
Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյան։
Տեքստը
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան` երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի: